Ոգևորվելով պրոֆ․ Գյունտեր Պետեոի բազմամյա հաջող աշխատանքներով եւ Հայկ Բարսեղյանի նախագծով, ես որոշեցի վերջապես, կյանքի բերել իմ վաղեմի գաղափարները, որոնցից մեկն է պայքարել Հայաստանում լայնածավալ աղքատության դեմ։
Անմիջապես կապ հաստատեցի պրոֆ. Գյունթեր Պետրոսի հետ, ով անմիջականորեն պատրաստակամություն հայտնեց օգնելու եւ ծանոթացրեց ինձ Տիկին Եվա Լանգի հետ, ով ևս հետաքրքրված է Հայաստանում բարեգործությամբ զբաղվելու գաղափարով։ Եվ այսպես, իմ գաղափարը սկսեց կյանքի գալ և զարգացումներ ապրել։
Դեռևս մանուկ հասակից միշտ ցանկացել եմ օգնել մարդկանց: Նույնիսկ մանկապարտեզում միշտ պաշտպանում էի թույլերին, նրանց ովքեր հանգամանքների բերումով հայտնվել էին ծանր պայմաններում և նրանց բախտ էր վիճակվել պայքարել տարաբնույթ դժվարությունների դեմ։ Իմ ցանկությունն է օգնության ձեռք մեկնել նման մարդկանց։ Կարծում եմ, որ բոլորն էլ արժանի են արժանապատիվ կյանքի:
Ինչո՞ւ է այս ամենն ինձ համար անչափ կարեւոր։ Ես ինքնս ծանոթ եմ անելանելիության, դատարկության և անօգնական լինելու զգացողությանը: Մանկության տարիներին բազում անգամներ ես և եղբայրս սոված ենք գիշերել, որովհետեւ տանը չկար ուտելու ոչ մի բան: Կային ժամանակներ, երբ մենք չունեինք ոչ միայն սնունդ, այլ չկար նաև էլեկտրաէներգիա, ջուր եւ ջեռուցում: Այս ամենը մնացել է անցյալում, բայց չի մոռացվել: Թեթեւացնել ժողովրդի տառապանքները և իմ փոքրիկ ներդրումն ունենալ այս աշխարհը ավելի լավը դարձնելու գործում իմ առաջնային անձնական նպատակներից մեկն է։
Ողջույն…
Ես Եվան եմ։ Ծնվել եմ Կլագենֆուռտ քաղաքում, սակայն երկար ժամանակ է, ինչ ապրում եմ Վիեննայում։ Հնդկաստանում և Պապուա Նոր Գվինեայում երկար հանգրվանելու ընթացքում հասցրեցի երկու տարբեր մշակույթների հետ ծանոթանալ և ամենակարևորը՝ ձեռք բերեցի հրաշալի ընկերներ՝ չնայած մեր տարբեր կենսապայմաններին։ Այդ շրջագայությունների շնորհիվ պարզ գիտակցում եմ, թէ որքան լավ է կյանքը Ավստրիայում, քանի որ այստեղ բոլոր աղջիկներն ու կանայք տղամարդկանց հավասար կրթություն ստանալու միևնույն հնարավորություններն ունեն։ Կամ էլ որ ավտոբուսները և գնացքները ճիշտ ժամին են մեկնում, ու որ մեր բժշկական ապահովագրությունը այդքան հիանալի է գործում։
Առաջին անգամ Հայաստան այցելեցի 2015 թվականի ամռանը։ Այդ երկիրն իր քարքարոտ լեռներով, հնամյա եկեղեցիներով, ստորգետնյա վանքերով և խաչքարերով, իհարկե, ինձ վրա շատ մեծ տպավորություն թողեց, բայց ամենից առավել հուզիչ էր մարդկանց հուսահատությունն ու իրավիճակին համակերպվելը։ Երիտասարդները աշխատանքային ոչ մի հեռանկար չունեն, արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը գրեթե բացակայում են։ Փակ սահմանների պատճառով բացակայում է հարևան երկրների հետ տնտեսափոխանակությունը, և չնայած Հայաստանն իր պատմությամբ, մշակույթով և բնակչությամբ առաջադեմ է, այնուամենայնիվ, երկիրը տնտեսապես աննկարագրելիորեն ծայրահեղ իրավիճակում է գտնվում։ Մարդիկ մինչ օրս երկաթյա տնակներում են բնակվում, որտեղ բացակայում են ջեռուցումը, ջուրը և հոսանքը։ Այնտեղ սոցիալական ապահովագրություն գոյություն չունի։ Մարդիկ ապագայի հեռանկարներ չեն տեսնում։